ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրական մանկապարտեզ

Իրական մանկապարտեզ
27.06.2025 | 14:39

Մեր իրականությունը նման է մի մեծ մանկապարտեզի, որտեղ «երեխաները» զրկված են իրենց ու Աստծու ճանաչողությունից և, թողած իրական հոր ու որդու դերը, «պապա-պապա» են խաղում։ Դա է պատճառը, որ խառնվել են իրար, կորցրել Ազատության ու Հանճարի շնորհը՝ կարգվելով է՛լ դատավոր, է՛լ թագավոր, է՛լ իշխան ու իշխանիկ և վերջապես՝ իբր մեծ գաղափարների սուտ ու փուչ առաջնորդներ։ Մանկապարտեզի մանուկների պես խառնվել են իրար՝ խարխափելով կեղծ հաճոյախոսությունների բավիղներում և դառնալով բղջախոհ ցանկությունների գերի: Այդպիսով վերածվել են սեփական որոշումներն անընդհատ փոխող, կամակոր, իրենց չափը չիմացող բռնակալների։ Իսկ մեր Պատանյակը, չճանաչելով իր հազարամյակների աստվածատուր խաղալիքները, չի կարողանում տեր կանգնել իր տանն ու տաճարին, ինչպես դա անում է էպոսի հերոսը։

Զարթի՛ր, ո՛վ ծերունի մանուկ, և տեր կանգնիր քո սրբազան հայրենիքին, ու կտեսնես, թե ինչպես անկատար աշխարհը կվերածվի դրախտի:

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 8078

Մեկնաբանություններ